Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Լրագրողներին դատարանի որոշման մասին տեղեկացրեց Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք էր։ Այն պարզապես ոչնչացված է, կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ, որը մենք իհարկե կբողոքարկենք»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կալանավորվել էր հոկտեմբերի 1-ին: Նոյեմբերի 6-ին նա ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Ավելի ուշ փաստաբանն իր էջում գրել է․

«Դատավոր Գագիկ Պողոսյանը կալանավորել է ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին: Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն.Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը: Որոշումը իհարկե կբողոքարկենք վերաքննիչ դատարան»։