Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր ու Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթուր Նազարյանի որդիներին պատկանող «Անիտեքս» ընկերությանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ընկերությունը մաքսատուրքից ազատման 972 մլն դրամի արտոնություն է ստացել։

«Անիտեքսը» պատրաստվում է Հայաստան ներմուծել հավելյալ 2.8 մլրդ դրամի սարքավորումներ Չինաստանից, Թուրքիայից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից՝ առանց ներմուծման մաքսատուրքը վճարելու։

Նշվում է, որ առաջին փուլով այն հումք է ներմուծել` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.6 մլրդ դրամ, սակայն երկրորդ փուլով մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու անհրաժեշտություն է առաջացել:

Էկոնամիկայի նախարարի խոսքով՝ ընկերությունն արդեն ստեղծել է 44 նոր աշխատատեղ և վճարել է 697 մլն դրամ հարկ: