Հայկական մշակույթի և շոուբիզնեսի բազում աստղեր միացել են Be Happy շարժմանը: Շարժման նախաձեռնող խմբից հայտնում են, նրանք Be Happy-ի պատրաստած հոլովակներում խոսում են ամենակարևորի՝ երջանկության մասին, և բացահայտում, թե որն է նրանց համար երջանկության ֆենոմենը:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը վստահ է՝ երջանկությունը պահը ճիշտ գնահատելն է:

Երջանկությունն, ըստ դերասան Անդրանիկ Հարությունյանի, արթնանալ առավոտյան և տեսնել լույսը:

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը (Սրբուկ) կարծում է, որ երջանկություն է ունենալ ընտանիք և սիրելի աշխատանք, և, իհարկե, կարողանալ երկուսն էլ համատեղել:

«Երջանկությունը, երբ ունես ամուր ընտանիք, լավ ընկերներ և կայացած ես լինում աշխատանքում»,-ասում է երգիչ Արսեն Սաֆարյանը՝ հավելելով, որ բացի այդ ամենից բոլորիս կյանքում շատ երջանիկ պահեր կան:

«Երջանկությունը մեր կողքին է, ուղղակի մենք պետք է կարողանանք այն տեսնել: Եվ եթե իսկապես կարողանանք գնահատել այն, ինչ ունենք, դա էլ է երջանկությունը»,-նշում է հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանը:

Դերասան և հաղորդավար Լևոն Հարությունյանը շեշտում է՝ երջանկությունը պահելը շատ դժվար է: Հավելում է՝ մարդն այնքան մաքուր պետք է լինի, որ երջանկությունն իրեն ձգտի և ոչ նա՝ նրան:

«Երջանկությունն իմ ընտանիքն է, երեխաների չարաճճիություններն, ուրախ պահերը, ամուսնուս սերը, մայրիկիս ու քույրիկիս ներկայությունը և էլի շատ պահեր: Իմ ընկերները»,-նշում է նախկին մոդել, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն, ում համար պարզապես սիրելի քաղաքով զբոսնելը ևս երջանկություն է:

«Երջանկությունն իմ սիրելի աշխատանքն է, մարդիկ, ովքեր հայտնվել են իմ ճանապարհին, ունեն իրենց կայուն տեղն իմ կյանքում: Երջանկությունն, իհարկե, իմ ընտանիքն է, իմ երեխաները, որոնք ամեն առավոտյան արթնանում են ու կյանքս լցնում լույսով, ժպիտով ու սիրով: Երջանկությունն իմ կինն է, որն արդեն երկու տասնամյակ իմ կողքին է, մենք շատ երազանքներ ենք իրականացրել ու դեռ շարժվում ենք առաջ: Երջանկությունն ազնիվ լինելու մեջ է, երջանկությունն այն պահին է այցելում, երբ խաղավում ես, անկեղծ ես առաջին հերթին ինքդ քեզ հետ, երջանիկ լինել դժվար չէ: Երջանկությունը մանրուքների մեջ է, հասցրեք դրանք նկատել ու լինել երջանիկ»,-ասում է հաղորդավար Ժակը:

Be Happy նախաձեռնությունն իր էջում ներկայացնում է ամենատարբեր ոլորտների՝ հայտնի և ոչ այդքան մարդկանց կարծիքը երջանկության մասին: Նախաձեռնության կարճ հոլովակներում մարդիկ կհանդիպեք զանազան հայտնի մարդկանց, մասնագետների և, ով գիտե, միգուցե հենց իրենց հարևանին կամ բարեկամին, որտեղ նրանք կկիսվեն երջանկության իրենց պատկերացմամբ:

Այս հոլովակներում մարդիկ պատասխանում են մի քանի պարզ հարցի՝ «Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը» և «Ի՞նչ եք անում Դուք՝ երջանկությանը հասնելու համար կամ եթե հասել եք՝ այն պահելու համար»:

Յուրաքանչյուրն ունի երջանկության ընկալման իր ձևը, եղանակը: Յուրաքանչյուրի համար երջանկությունն անհատական երևույթ է: Նախաձեռնությունն էլ փորձել է այս հոլովակներով ոչ միայն երջանկացնել մարդկանց, այլև բացահայտել երջանկություն առեղծվածը: