Երեկ լրացավ հայ դրամատուրգ, երգիծաբան, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), Հայաստանի գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ Սամվել Խալաթյանի 70 ամյակը։ Նա իր յուրահատուկ գրելաոճով ու ստեղծագործություններով պահպանում է նորագույն շրջանի հայ գրականության ու դարավոր մշակույթի ավանդույթները:

Խալաթյանը ծնվել է 1950թ. հունվարի 9-ին, Կիրովականում (այժմ`Վանաձոր)։ Ավարտել է տեղի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է լրագրության ասպարեզում` որպես Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիր։ Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակա-քաղաքական թերթը։ Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների ավելի քան 30 ժողովածու, որից 12-ը` ալմանախային։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Շուրջ 20 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս Անջելեսի հայկական թատերախմբերում ունեցել են ավելի քան 40 բեմադրություն: 1985թ. դարձել է ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր։

«Վանաձորի բարի ասպետները» մանկական պիեսը 1983թ., իսկ «Սոնորիայի հրաշքը» 1989թ. արժանացել են ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակին, վերջինս նաև` Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների 1987թ. մրցանակաբաշխության 1-ին մրցանակին։ «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004թ. լավագույն պիեսներից մեկը` անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարկվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների անթոլոգիայում։

Սամվել Խալաթյանը 2000թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Անդամակցում է նաև Հայաստանի թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միություններին և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային։

1970թ. արժանացել է Լենինի հոբելյանական մեդալի, 1985թ.` ԽՍՀՄ գրողների միության քարտուղարության դիպլոմի, 2009թ.` Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի «Լոռվա ասպետ» պատվո նշանի, 2010թ.՝ Երևանի քաղաքապետի պատվոգրի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ ԱԺ պատվոգրի, «Համազգային» կրթամշակութային կենտրոնի Լևոն Շանթի անվան մրցանակի և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի («Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար), 2016թ.՝ ՀԳՄ Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակի («Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի համար)։