Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի փողոցները մի քանի ամիս է՝ քանդված են և դժվարություններ են առաջացնում անցորդների ու դպրոցահասակ երեխաների համար: Գյուղում իրականացվում են ջրագծերի անցկացման աշխատանքներ, սակայն շինարարները ուշացնում են աշխատանքը: Գյուղացիներից մեկը զանգահարել էր «Հետքի» լրագրողին և դժգոհել, որ օրեր առաջ 7-ամյա թոռն ընկել է փորված փոսի մեջ և երջանիկ պատահականությամբ կոտրվածք չի ստացել:

Նշենք, որ Ծաղկունք համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են 6620 մ ընդհանուր երկարությամբ ջրագծերի կառուցման աշխատանքներ: Դեռևս 2019թ. նոյեմբեր ամսին համայնքապետը խոստացել է տարեվերջին ավարտին հասցնել ծրագիրը, սակայն մինչ այսօր փոսերը փորված են, իսկ աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Նշված ժամանակահատվածում պետք է կառուցվեր նաև 5 բետոնե օղակաձև դիտահոր, սակայն, դա էլ իրականություն չի դարձել:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 48 մլն 196.63 հազար դրամ է, որից պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55 %, իսկ համայնքի մասնակցությունը`45 %: