Հունվարի 1-ից Կապանում բարձրացել է թիվ 1, 6 և 8 ավտոբուսային երթուղիների ուղեվարձը: Թիվ 6 և 8 երթուղիների ուղետոմսը 50-ից դարձել է 70 դրամ, իսկ թիվ 1-ինը 50-ից դարձել է 100 դրամ:

Կապանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հայտնել է, որ ուղեվարձի փոփոխությունը թանկացում չէ: Բանն այն է, որ վերը նշված գները ձևավորվել են 2016թ-ին ուղևորափոխադրող կազմակերպությունների մրցույթի արդյունքում, սակայն 2017թ-ից մինչև 2018թ. հուլիսի 1-ը տարբերությունը (20 և 50 դրամ) սուբսիդավորել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը, իսկ 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը՝ Կապանի համայնքապետարանը, որը, ըստ Հարությունյանի, տարբերությունը կոմպենսացնելու համար ուղևորափոխադրողներին ամսական ընդհանուր 3-3,5 միլիոն դրամ է հատկացրել: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որ այլևս չի կարող սուբսիդավորման նպատակով միջոցներ տրամադրել: Ըստ մեր զրուցակցի՝ այսօր արդեն հայտարարվել է նոր մրցույթ, որի արդյունքում նոր գին կսահմանվի թիվ 6, 9 եւ 10 երթուղիների համար: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է, մրցույթը տեղի կունենա փետրվարի 28-ին: