Ծաղկաձորյան հավաքում հագեցած է անցնում ՀՀ բռնցքամարտի հավաքականի առօրյան: Մասնագիտականից բացի, տղաները բացօթյա մարզումներ են անցկացնում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Ձյան վրա վազքով հաղթահարում են միջին և երկար տարածություններ, բարձրանում Ալիբեկ լեռան գագաթը, մարզումների վերջում զբաղվում են լողով:

Նշենք, որ ունվարի 7-ին թիմը մեկնել է Ծաղկաձորի մարզահամալիր: Պարապմունքներին մասնակցում են 23 մարզիկներ: Նրանք այնուհետև մարզումները կշարունակեն Երևանում:

Փետրվարի 2-ին հավաքականը կմեկնի Իվանո - Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա համատեղ մարզումներ կանցկացնի:

«Վերջին օրերին ընկերական–թիմային մրցամարտեր են նախատեսված նշած երկրների պատվիրակների հետ», - զրույցի ժամանակ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Բռնցքամարտիկների հետ, համապատասխան հանձնարարականով, անհատական պարապմունքներ են անցկացնում անձնական մարզիչները: Թիմի անդամների ֆունկցիոնալ վիճակից գոհ է մարզական փորձառու բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը: