Լույս է տեսել Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանություն» գրքի ֆրանսերեն տարբերակը
Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանություն» գրքի ֆրանսերեն տարբերակը։Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբեր-ը։
Այդ կապակցությամբ պատմաբանը հարցարզույց է տվել ֆրանսիական «La monde» պարբերականին։
Նրա խոսքերով, հաճախ Հայոց ցեղասպանությունը ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։
«Սպանության հրամանները ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորը արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է.
«Դա պատմական որոշում էր։ Այն խորդանշեց, հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը»։