1990-ի հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին խաղաղ հայ բնակչության ջարդերը։ 30 տարի առաջ 7 օր շարունակվող ջարդերին զոհ գնացին մոտ 400 հայ, մոտ 200-ը՝ վտարվեցին:

Հունվարի 13-ին` ժամը 17:00-ից հետո, Բաքվի Լենինի հրապարակում հանրահավաքի դուրս եկած մոտ 50-հազարանոց ամբոխը մեթոդաբար՝ հերթով մտնելով հայերի տները, «մաքրել են» քաղաքը հայերից: Բաքվում հայերի ջարդերը կազմակերպողներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Բաքվի կենտրոնական Լենինի փողոցում արյան գետեր էին: Ադրբեջանի մայրաքաղաքում ապրող ռուսները սարսափով են հիշում իրենց հարևանների հետ հաշվեհարդարի տեսարանները: Ադրբեջանցիները ամբոխներով դաժանաբար նրանց գնդակահարել են, գցել պատշգամբներից, ողջակիզել, անդամահատել:

Այդ օրերին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում ասվում էր. «Խելագարված ամբոխները սպանեցին առնվազն 25 մարդու Բաքվի հայկական թաղամասում, որը խորհրդային հանրապետության մայրաքաղաք էր: «Մի խումբ խուլիգաններ հանցանքներ են կատարել»:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները:

1990թ-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով Եվրոպայի ԱԳՆԽ-ին ու Խորհրդին պաշտպանել հայերին ԽՍՀՄ կառավարության առջև և պահանջում էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցուցաբերել: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Միխայիլ Գորբաչովին, որտեղ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մտահոգություն էին հայտնում ու կոչ անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

1988-1990թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: