Հայաստանում մինչ այսօր էլ նշում ենք «Հին նոր տարին»:

Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է կապված: Պատասխանները ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը՝ անդրադարձ կատարելով պատմությանը։

«Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի` տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365.25 օրի, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջ Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն՝ 11 րոպե և 14 վայրկյանով պակաս, որի պատճառով յուրաքանչյուր 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում է մի ամբողջ օր: 16-րդ դարում կուտակվել էր 10 օրվա տարբերություն, և այն արդեն նկատելի էր դարձել: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:

1582 թվականին Հռոմի Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի՝ նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ ունենալ ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97՝ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները: Սկզբում՝ 1582-ի հոկտեմբերին, օրացույցն առաջ տալով 10 օրով (այդ տարի հոկտեմբերի 5-14 օրերը չեն եղել, սակայն շաբաթվա օրերը չեն խախտվել, և հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան, հաջորդել է ուրբաթը՝ հոկտեմբերի 15-ը)՝ Գրիգորյան տոմարն ընդունվեց Հռոմեական կայսրությունում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հոլանդիայում, այնուհետև՝ 18-րդ դարի ընթացքում, համարյա ամբողջ Արևմտյան Եվրոպայում
Երբ Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից հետո 1918-ին նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ1582 թվականից անցել էր ևս 335 տարի):

Նույնը կատարվեց Խորհրդային Հայաստանուն արդեն 1920թ.: Այդ պատճառով մեզանում հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ 2100 թվականից հետո կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում` հետևելով Խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաև «Հին նոր տարին» (Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի): Իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար հունվարի 13-ին, երեկոյան ժամը 12-ին: