Քննչական կոմիտեն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Կոմիտեն ընդգծել է, որ կարգավորմամբ կհստակեցվի այդ հանցագործության որակումը և կապահովվի պատժի համաչափությունը։

Քննարկման ներկայացված նախագծով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ այս օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերացվի օրենսդրական բացը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքով պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որպես ծանրացնող հանգամանք էր նաև այն դեպքում, երբ այդ չարաշահումը անզգուշությամբ ծանր հետևանքներ էր առաջացրել։ Այս կարգավորմամբ նաև պատասխանատվություն կսահմանվի նաև այն դեպքերում, երբ այդ չարաշահումը դիտավորությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գործնականում հանցագործության որակման խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը դիտավորությամբ է առաջացրել ծանր հետևանքներ:

«Գործող օրենքի ներկայիս կարգավորումը հնարավորություն չի տալիս ավելի խիստ պատասխանատվություն սահմանել դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար: Նման իրավակարգավորումը արդարացի և տրամաբանական չէ, խախտում է պատժի համաչափության սկզբունքը և չի բխում պատժի նպատակներից»,- նշել է Քննչական կոմիտեն։