ՊԵԿ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ): Սակայն 2013թ-ի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը: Նախաքննությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն: