Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է այդ երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպանված ազգությամբ հայ զինվորի գործով դատարանի նոր որոշմանը: Նրա խոսքով՝ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, երկրում, այնուամենայնիվ, դեռ շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:

«Սևակ Բալըքչըն սպանվել է 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման», - ասել է մեջլիսի հայազգի պատգամավորը, հայտնում է Էրմենիհաբեր-ը:

Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում ականատես եղան նրան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժեց ազատազրկմամբ: Փայլանը նշել է նաև, որ Թուրքիայում դեռ չկա այնպիսի միջավայր, որի շնորհիվ ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ կարվեն:

«Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,- ընդգծել է նա:

Պատգամավորը հուսով է, որ վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:

«13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,- եզրափակել է Փայլանը: