«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համալրվել է 8 տեսախցիկներով, ինչի շնորհիվ թանգարանի անվտանգությունը դարձել է առավել արդյունավետ` մեծապես հեշտացնելով թանգարանի ոստիկանության աշխատակցի գործունեությունը:

Ինչպես նշվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում՝ այդ ամենն իրականացվել է բարերարներ Էդվարդ և Վերժինե Մըսըրլյանների նվիրաբերության շնորհիվ, որոնց տրամադրած գումարի մի մասը հատկացվել է տեսախցիկների ձեռք բերմանը: Նվիրաբերած գումարի մեծ մասն էլ ուղղվելու է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կայքէջի վերագործարկման ու արդիականացման աշխատանքներին:

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար` տնօրեն Մ. Բադալյանի համապատասխան հրամանով Էդվարդ և Վերժինե Մըսըրլյանները պարգևատրվել են «Էրեբունի-50» հուշամեդալով, որը սիրով կուղարկվի հայազգի բարերարներին: Նշենք, որ այս տարի նախատեսվում է նաև անվտանգության տեսախցիկներ տեղադրել «Էրեբունի» ամրոցում, ինչպես նաև «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերում: