Մայրաքաղաքում տոնական օրերին բաց կլինեն Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության ենթակայության բոլոր թանգարանները: Այս մասին խոսել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով` նախորդ տարվա փորձը մի քանի թանգարանների մասով ցույց տվեց իր արդյունավետությունը: «Հունվարի 2-ից սկսած մեր թանգարանները բաց կլինեն և կհյուրընկալեն մեր համաքաղաքացիներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին: Թանգարաններից մի քանիսն էլ կունենան առանձին տոնական ամանորյա ծրագրեր` ուղղված երեխաներին»,-հավելեց փոխքաղաքապետը:

«Երևան Սիթի տուր»-ը դեկտեմբերի 20-ից կգործի հատուկ երթուղով: «Տոնական անակնկալներով լեցուն մեր ավտոբուսը կշարժվի Հանրապետության հրապարակից դեպի Երևանի ամենատարբեր մասերը»,-հավելեց Արամ Սուքիասյանը: