Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։ Այս մասին ասել է Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը։ Վերջինս պնդում է, որ դեպքի օրը Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներից։ Գրում է «Հետք»-ը։

Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը պաշտպանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, բողոքը, սակայն մերժվել է, և այս դատական ակտի դեմ Արզումանյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Բողոքը քննել և մերժման մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Արման Արզումանյանը նշել է, որ երեկ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը տեղի է ունեցել 2018թ-ի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն: Ըստ մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի, սակայն, Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում, որոնք գործում առկա են, երևում է, թե ինչպե՞ս է Մկրտումյանն արդեն դիմադրություն ցույց չտվող Ռիժենկոյի գլխին ատրճանակի բռնակով մի քանի հարված հասցնում: Ըստ պաշտպանի` տեսանյութի այդ դրվագից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն:

Ըստ Արզումանյանի՝ Մկրտումյանը Ռիժենկոյի գլխին ատրճանակի մետաղական բռնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, ինչը կարող էր հանգեցնել մահվան: Պաշտպանի տպավորությամբ՝ Արման Մկրտումյանի հարվածներն անմիջականորեն ուղղված են եղել Ռիժենկոյին կյանքից զրկելուն, և հանցանքն ավարտին չի հասցվել անձի կամքին հակառակ հանգամանքներով, այն է՝ ատրճանակը ձեռքից ընկնելու հետևանքով: Արզումանյանը գտնում է, որ վերը նկարագրվածում առկա են սպանության փորձի հատկանիշներ, և որ իր պաշտպանյալի կյանքի իրավունքը չի կարող և չպետք է ստորադասվի Արման Մկրտումյանի կյանքի իրավունքին:

Նշենք, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման բուն գործն արդեն տևական ժամանակ է՝ դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ: Արման Մկրտումյանն ու որդին դատական նիստերին չեն ներկայանում։