Ծննդատան լուծարման փաստը Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները խիստ ծանր են տարել, քանի որ նախնական շրջանում խոսվում էր նաև ամբողջ հիվանդանոցը փակելու մասին։ Ծննդատան բժիշկները գիտակցելով, որ նախարարության որոշմամբ ծննդօգնություն պետք է իրականացվի Իջևանի հիվանդանոցում, տարեսկզբին 3 ծնունդ են ընդունել։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ Աչաջուրի առողջական կենտրոնը չի փակվելու։ Գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, խնդիր կա՝ կապված առողջապահական կենտրոնի 20%-ի հետ, և որևէ բյուջետային կրճատում չի արվելու։

«Ինչ վերաբերում է ծննդատան խնդրին, ներկայիս ստանդարտներով ծննդատունը պետք է ունենա լրացուցիչ տեխնիկական և մասնագիտական հագեցվածություն՝ ելնելով ծննդօգնության անվտանգության տեսանկյունից։ Պետական միջոցներով առողջության կենտրոնը պահպանվում է, որևէ աշխատող չի ազատվելու աշխատանքից։

Աչաջուրից Իջևան հասնելու համար 15 րոպե է անհրաժեշտ, և մենք շտապ օգնության մեքենայով կարող ենք հղիների տեղափոխումն ապահովել։ Հղիության 9 ամիսներին կանայք Աչաջուրում են բուժօգնություն ստանալու, իսկ ծնունդը Աչաջուրի բժիշկը ընդունելու է Իջևանի ծննդատանը։ Այսինքն՝ հղիներին՝ իրենց Աչաջուրում սպասարկող բժիշկների հետ տեղափոխելու են Իջևան», - նշել է Չոբանյանը։