Հնագիտության ասպարեզում 2019թ-ին կարևոր ձեռքբերումներ են գրանցվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ներկայացնելով նախորդ տարի տարբեր հնավայրերում կատարած պեղումների արդյունքները։

Նրա խոսքով՝ 2019թ-ին իրականացված հնագիտական պեղումների արդյունքում Արտաշատում հայտնաբերել են հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված, որը վերաբերվում է Հռոմեական շրջանին.

«Դրանք եղել են ջրանցքներ (աքվեդուկ)։ Ջրմատակարարման համակարգի տվյալ հատվածը զբաղեցնում է մոտ 1 կմ տարածք, որի վրա 20 ջրանցքների հիմքեր են բացվել»։

Նրա խոսքով՝ լեգենդար մայրաքաղաք Արտաշատում վերջին 10-15 տարիներին իրականացված պեղումները վկայում են, որ այն լուրջ արքայանիստ քաղաք է եղել։ 2020թ-ին, ըստ նրա, այստեղ պեղումները կշարունակվեն, որպեսզի հասկանան, թե այդ տարածքում ինչ է պահպանվել։

Պավել Ավետիսյանը նշել է նաև, որ Խոր Վիրապի հարևանությամբ սեփականաշնորհված հողերի մեջ գտել են հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Ըստ նրա՝ պետք է ծրագրեր մշակեն և այս տարի արդեն այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացվեն։

«Պետք է հասկանանք, թե այդ տարածքում ինչպես ենք պեղումներ իրականացնելու, քանի որ դրանք սեփականաշնորհված հողեր են»,- ասել է հնագետը։

Գիտնականն անդրադարձավ նաև Արմավիրի Լեռնագոգ գյուղի տարածքում բացահայտված Նեոլիթյան շրջանի բնակավայրին, որը հայտնաբերել են 2-3 տարի առաջ։

Պավել Ավետիսյանի խոսքով՝ Լեռնագոգում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով:

«Դա նշանակում է, որ մենք Հայաստանում առաջին անգամ բացել ենք վաղ Նեոլիթյան շրջանի բնակավայր, իսկ մինչ այդ Հայաստանի տարածքում ստացիոնար հնագույն բնակատեղիները հայտնաբերվել են Ակնաշենում, Մասիս բլուրում՝ թվագրված Ք.ա. 6-րդ հազարամյակով»,- ասել է գիտնականը՝ հավելելով, որ Լեռնագոգում պեղումները կշարունակվեն նաև այս տարի։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը կարևոր ձեռքբերումներից առանձնացրեց նաև այն, որ հայ-իտալական արշավախումբի կողմից Կոտայքում Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցում իրականացված պեղումների ծրագիրը ներկայացվել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը, որը Հուշարձանների պահպանության անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։

Պավել Ավետիսյանը նշել է, որ այս տարի ևս Սոլակ 1- հնավայրում պեղումները կշարունակվեն։ Նաև հայտնել է, որ հնագետները պեղումներ են իրականացնում և կշարունակեն իրականացնել այն հուշարձաններում, որոնք նախատեսվում են ռեստավրացիայի ենթարկել։