Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկին: Այս փոփոխություններով քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Վանաձորում, Գյումրիում և Երևանում տարբեր բուհերում ուսանողների հետ քննակումներ են ունեցել:

«Լսեցինք բոլոր առաջարկները, մտահոգությունները, Կրթության և գիտության նախարարության հետ ենք սերտ համագործակցել: Նախագծի հիմնական նպատակն է աղքատության հաղթահարումը կրթության և աշխատանքի միջոցով, երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում: Սկզբնական փուլում բակալավրիատն էլ էր ներառված, բայց քանի որ «Կրթության մասին» օրենքը դեռ չի ընդունվել, այս դրույթը դեռ չկա: Այսինքն՝ եկամտահարկի վերադարձի նույն գաղափարն է, ինչ նորակառույցների դեպքում, բայց ուսանողը երկու տարի է օգտվում, գումարը անհամեմատ քիչ է: Արտոնությունները կլինեն Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով, կան մասնագիտություններ, որտեղ պահանջարկը մեծ է»,- ասել է Գաբրիելյանը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության մտահոգությունները: Փոխնախարարի խոսքով՝ ի տարբերություն բնակարաշինության, որը տնտեսության համար մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի, կրթության համար եկամտահարկի վերադարձը դառնում է ծախսային գործիք: Պողոսյանի խոսքով՝ ճիշտ կլինի վերանայել բուհերի պետպատվերի ինստիտուտը, քանի որ պետությունը գումար է ծախսում՝ ակնկալելով որոշակի օգուտներ, օրինակ՝ որակյալ մասնագետների աջակցությունը պետականաշինության գործում:

«Նախագիծը հասցեականության հետ կապված խնդիր ունի, սոցիալական կարգավիճակը դրված չէ, սրանով մենք հնարավորություն ենք տալիս նաև բարձր եկամուտ ունեցողներին, բայց հենց նրա՞նք ունեն պետության աջակցության կարիքը: Այս նախագծի ընդունման պարագայում պետությունը պերմանենտ պարտավորություն է ստանձնում: Նաև հավելեմ, որ 2020 թվականի կրթության ոլորտի հարկային ծախսերը 26.9 միլիարդ դրամ են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)-ի գծով»,- ասաց Արման Պողոսյանը:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում վերանայվելու է բնակարաշինության ոլորտում եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Ըստ Պողոսյանի՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բնակարանաշինության ոլորտում եկամտահարկի ամբողջական վերադարձ լինի: Պողոսյանը հայտնեց, որ փոփոխությունները կլինեն այն ժամանակ, երբ ներկայացվի եկամուտների հայտարարագրման միասնական նախագիծը:

«Ինչ վերաբերում է նախագծին, պետք է հարց հնչի՝ սա ո՞ւմ համար է, որ ուսանողները սկսեն աշխատել, թե՞ աշխատողները սկսեն սովորել: Մեր մտահոգությունները մնում են, մեր կարծիքն այն է, որ պետք է պետպատվերը վերաիմաստավորել»,- ասել է փոխնախարարը՝ կոչ անելով կողմ չքվեարկել նախագծին:

Նախագծի վերաբերյալ միանշանակ վերաբերմունք չդրսևորեցին նաև պատգամավորները՝ կրկին խոսելով այն ռիսկի մասին, որ նախագծի ընդունման պարագայում նաև ֆինանսապես անկախ անձինք կսկսեն ուսանել, որպեսզի օգտվեն եկամտահարկի վերադարձի ծրագրից:

Երկար քննարկումներից հետո, սակայն, նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում: