Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հետ կապված Կոնգրեսին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի և Կիրովաբադի արյունալի ջարդերից, ապա Արցախի դեմ ադրբեջանական ձախողված ագրեսիայից, հայաֆոբիայից, առաջնագծում իրավիճակի սրումից, հայկական սրբավայրերի բացահայտ պղծումից հետո անցյալ վերադարձի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-ին՝ ուղիղ 30 տարի առաջ, Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ադրբեջանի ազգային ճակատի՝ իշխանության ձգտող մի քանի հազար կողմնակիցներ Բաքվում ազգային հողի վրա զանգվածային ջարդեր կազմակերպեցին։

Ջարդերը սկսվելու պահին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովի գլխավորությամբ, գրեթե ամբողջովին կորցրել էր իրավիճակի հսկողությունը։ Կրակին յուղ էր լցնում նաև Նախիջևանի կլանը, որի ղեկավար Հեյդար Ալիևը, գտնվելով Մոսկվայում, ամեն կերպ պաշտպանում էր ջարդերը՝ հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու և իր վերադարձի համար հող նախապատրաստելու համար։

Իր դաժանությամբ նախադեպը չունեցող հայկական ջարդերը սկսվելու պահին Բաքվում տեղակայված խորհրդային զինվորական ստորաբաժանումներն ամբողջովին արգելափակված էին մնացել Սալյանսկի զորանոցներում։

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես ընդունել է այն փաստը, որ ջարդերն իրականացվել են ազգային հողի վրա։

Սակայն Բաքվի ողբերգական իրադարձությունների տրամաբանությունը չի տեղավորվում ժամանակակից Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի «տրամաբանության» մեջ, որն ամբողջովին իր տակ է վերցրել Ալիևների կլանը։

Հայաստանում այսօր սգում են զոհերի համար։ Իսկ Ադրբեջանում կամ չեն հիշում նրանց կամ հատկապես պետությանը ենթակա լրատվամիջոցներով ցինիկ և ակնհայտ կեղծիք են տարածում։