ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Հունվարի 14-ին ավարտվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրված ժամկետը։ Ըստ սկզբնաղբյուրի՝ ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ ծանոթացել են քրեական գործի ողջ նյութերին, որի ընթացքում հաստատվել է իր այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանին մեղսագրված արարքի մասին փաստող ապացույցներ գործում առկա չեն։

«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի»,-նշեց Ամրամ Մակինյանը`ընդգծելով. «քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։

Վերջինս տեղեկացրել է՝ նախաքննության փուլում միջնորդել էին վարույթն իրականացնող մարմնին նշանակել համապատասխան համալիր փորձաքննություն։

«Այս քրեական գործում կա տարբեր բնագավառների մասնագետների մասնագիտական եզրակացության անհրաժեշտություն։ Իհարկե, վարույթն իրականացնող մարմինը շատ լավ հասկանում է, որ այդ փորձաքննության արդյունքներն ուղղակի կփլուզեն այս քրեական գործը, ինչի համար էլ մերժում է առանց հիմնավորելու»,-նշեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով՝ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո վերահաստատում են փորձաքննություն նշանակելու իրենց դիրքորոշումը։

Պաշտպանը գտնում է՝ քննիչի գիտելիքները բավարար չեն այդպիսի բարդ փորձաքննության եզրակացության վերաբերյալ կարծիք կազմելու համար։ Ամրամ Մակինյանը պնդում է՝ երեք բնագավառի փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն կա.

«Քննիչն այդ երեք համապատասխան, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների ներգրավման անհրաժեշտություն չի տեսել և նշել է, որ քրեական գործով իբրև թե հավաքված տեղեկությունները բավարար են, սակայն քննիչը չէր կարող գնահատել։ Օրինակ այդ մեկը ֆինանսատնտեսական բնագավառի շատ բարդ վերլուծությունների արդյունքում կարող է եզրահանգումներ անել»,-հավելեց Ամրամ Մակինյանը։