Եվրասիական տնտեսական միության երկրներից 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած մեքենաներն ապօրինի են համարվում, երկիր ներմուծվող տրանսպորտային բոլոր միջոցները պարտադիր պետք է գրանցվեն: Այս մասին հայտնում է Kolesa.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի «Ճանապարհային երթևեկության» մասին օրենքին:

Նշվում է, որ երկրի ոստիկանները գտել են համապատասխան օրենքը, որը կարգավորում է օտարերկրյա համարանիշեր կիրառող ղազախստանցիների երթևեկությունը:

Ներդրված համակարգի օգնությամբ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքներ և մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից:

Բացառություն են միայն «միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող» մեքենաները, որոնք ներմուծվում են Ղազախստան` ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Այլ կերպ ասած՝ օտարերկրյա համարանիշերով երթևեկել հնարավոր է 1 տարի՝ մեքենան երկրից դուրս հանելով նվազագույնը 30 օրով: