Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ կոռուպցիոներներին պատկանող հեռուստաընկերություններ կան, Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առնվազ 2 հեռուստաընկերության տարբերանշանի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա»:

Վարչապետն ասում է՝ նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն «հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև՝ նրանց շոշափուկների ու մետաստազների»:

«Այն լրատվական պատերազմը, որ մեր Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»,-ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանում հեռուստաալիք կա, որտեղ պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»:

Փաշինյանը խոսել է նաև հանրային կյանքի ինստիտուտների թափանցիկությունն ապահովելու մասին՝ նշելով, որ հեռուստատեսային շուկայում մոնոպոլիզացիա կա, քանի որ հեռուստաընկերությունների վարկանիշները չափող և գումարներ բաշխող ընկերությունները փոխկապակցված են: Ըստ նրա՝ դա բերում է երկրում ինֆորմացիոն հոսքերի վերահսկման: