Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Երգչուհին հանդես է եկել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Երեկոյի ընթացքում նրա հետ հանդես է եկել նաև տենոր Միհրան Աղաջանյանը: Այս մասին գրում է tvkultura.ru-ն։

Հասմիկ Գրիգորյանը կատարել է հայտնի օպերաներից արիաներ, որոնցով նա հանդես է գալիս աշխարհի լավագույն թատրոններում: Կան նաև ստեղծագործությունները, որոնք երգչուհին նոր է սովորում: Երգչուհին տարբեր տարիներին արժանացել է բարձր մրցանակների, սակայն նրա համար շատ կարևոր է կրթությունը:

«Ոչ մի մրցանակ ինձ չի դարձնի լավ երգչուհի: Լավ երգչուհի ինձ կդարձնի ամենօրյա աշխատանքը, և կյանքը մեզ տրված է, որպեսզի սովորենq և զարգանանք»,- ասել է Հասմիկ Գրիգորյանը:

Ուսուցիչների հետ աշխատանքին մեծ ժամանակ է տրամադրում նաև Միհրան Աղաջանյանը: Աշխարհում մեծ ճանաչում վայելող տենոր, դաշնակահար և դիրիժոր Միհրան Աղաջանյանը Սանկտ-Պետերբուրգի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր: Արտիստը 2018թ-ին Լիսաբոնում կայացած երիտասարդ վոկալիստների Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia» միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:

Հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999թ-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006թ-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012թթ-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013թթ-ին կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014թթ-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։ Լիտվայից Հասմիկ Գրիգորյանը «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019թ-ի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողն է: 2016-ին նույն մրցանակաբաշխությունում հաղթել էր «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում: