Գեորգի Կուտոյանի տանը հայտնաբերված ատրճանակն իրենն էր
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի խոսքով՝ դա նրա զենքն է, որը ստացվել է օրինական, պարգևատրման կարգով, տեղեկացնում է aysor.am-ը։
«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ։ Դեպքի վայրում այս պահին էլ Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր հետ գործողություններ ենք կատարում։ Այլ որևէ անձ դեպքի վայրում չի եղել՝ բացի քննիչներից և օպերատիվ աշխատողներից»,- նշել է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։
«Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով», - եզրափակել է նա։