ՀԾԿՀ. «Գազպրոմ Արմենիան» ուզում է գազի գինը բարձրացնել $30-ով` բանակցությունները շարունակվում են
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիան» չի փոխհատուցում գազի գնի 15 դոլարը, ևս 15 դոլարով թանկացնում է»։
«Գործող սակագների մոտ 30 դոլարով ավելացման խնդիր է»,- ասել է հանձնաժողովի նախագահն ու ներկայացրել ընկերության հիմնավորումը՝ գործող սակագները չեն բավարարում։ Այս մասին հայտնում է Պանորամա-ն։
Նրա խոսքով` այս պահին Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Ռուսական կողմից հայտը դեռ չկա, բայց կլինի։ Ըստ Բաղրամյանի` դա չի նշանակում, որ 30 դոլարով սակագինը կբարձրանա, քանի որ 2020թ-ին բանակցվում են ընկերության օպտիմալացման, ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները և երկարաժամկետ ներդրումների՝ մոտ 500 մլն դոլարի ծրագիրը։
«Այս ամեն ինչը կոմպլեքս բանակցվում է։ Կարծում եմ, որ մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ այս ընթացքում հայտ չի ներկայացվի։
Նա հիշեցրել է, որ հայտը ներկայացնելուց հետո օրենքը սահմանում է առավելագույնը 80 աշխատանքային օր այն քննարկելու համար։