Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն ցանկանում է բազալտի և տուֆի հանք շահագործել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջից։

2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի համաձայն՝ այս քննարկման արդյունքների հիման վրա Երևանի քաղաքապետարանը կա՛մ նախնական համաձայնություն կտա հանքավայրի շահագործմանը, կա՛մ կմերժի այն:

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը՝ անդրադառնալով վերոնժյալ հարցին, նշել է․

«Երևան քաղաքում արդեն իսկ կան մոտ երկու տասնյակ հանքեր, իսկ քաղաքի օդի աղտոտվածությունը խիստ մտահոգիչ է և անթույլատրելի: Երևանում ևս մեկ հանք շահագործելը վտանգավոր կարող է լինել տարբեր առումներով՝ այդ թվում փոշու և տեխնիկայի արտանետումների պատճառով օդի հավելյալ աղտոտում, աղմուկի ավելացում և այլն:

Մասնակցե՛նք և մեր հստակ ո՛չն ասենք աղտոտման նոր աղբյուրներին»։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-10-00-41 հեռախոսահամարով։