Մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Հիշեցնենք, որ նրանք նույն խնդրով բողոքի ակցիա էին իրականացրել նաև հունվարի 17-ին, կառավարությունից ոչ մի արձագանք չստանալով՝ որոշել էին դադարեցնել ու շարունակել այսօր:

Նրանք պահանջում են, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են: