Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020թ-ի անդրանիկ համերգին հանդես կգա բացառիկ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի հետ:

Նվագախմբի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ հանդես կգա Եվրոպայում ճանաչում վայելող դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բազում հեղինակավոր բեմեր նվաճել: Ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Արենսկու, Շոստակովիչի ստեղծագործությունները:

Նշենք, որ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յ.Բախի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Պ.Հինդեմիթի, Դ.Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Գ.Հովունցի, Տ.Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: