Գազը մինչև 2020թ-ի ապրիլի 1-ը չի թանկանա, քանի որ ռուսական կողմի հետ պայմանավարվածություն կա սակագինը չբարձրացնելու վերաբերյալ:

Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ սահմանին գազի գինը նույն պայմանավորվածության շրջանակում չի թանկանա մինչև 2021-ի հունվարի 1-ը։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

«Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը ոչ միայն սակագնի փոփոխություն չի լինի, այլև հայտ չի ներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այնուամենայնիվ, հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն։ Ըստ այդմ, այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում»,- ասել է Գրիգորյանը։

Իսկ ապրիլի 1-ից հետո արդեն փոխվարչապետը չի բացառել, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի վերանայման հայտ կներկայացնի։ Եվ դրա հիմնական բաղադրիչը, նրա խոսքով, կարող է լինել գազի մատակարարման համակարգում ներդրումների պահանջը։

«ՀՀ տարածքում գազի անվտանգ, անխափան և արդյունավետ մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Դա բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, և այդ դեպքում այդ հարցը բաց և թափանցիկ կքննարկվի»,– ասել է Գրիգորյանը՝ շեշտելով, որ գազի գնի վերանայման շուրջ այս պահին ռուսական կողմի հետ չեն ընթանում, բայց ներդրումների հարցը քննարկվում է։

Փոխվարչապետի խոսքով՝ դեռ քննարկվելու է երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը:

«Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձև դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվելцг գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս՝ կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,- ասել է փոխվարչապետը, հայտնում է «Գալա»-ն: