Հունվարի 20-ի վաղ առավոտից Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019թ-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում։ Այս մասին տեղեկացնում է «Շանթնյուզ»-ը։

Ըստ գյուղացիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։

Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հ: Ըստ գյուղացիների՝ գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին, ասում են՝ 2019թ-ին տեղացած 3 խոշոր կարկտահարությունից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:

Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։ Վերջինիս խոսքով` այն ցանքատարածքներում, որոնք 50 տոկոսից քիչ են վնասվել, չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվում:

Հիմա գյուղացիները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել, ավելի ուշ բողոքող գյուղացիների հետ հանդիպելու է նաև Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։