Հայաստանի 2 և Ուրուգվայի մեկ քաղաքացի ԱՄՆ-ից ՀՀ թմրամիջոց տեղափոխելու համար հանցավոր խումբ են ստեղծել և փոստային ծառայության միջոցով տևական ժամանակ մաքսանենգությամբ ներկրել խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին» և «հաշիշի յուղ»։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Նրանց մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

«5 ծանրոցով ուղարկված դրանց վերջին խմբաքանակը Հայաստանում գործող փոստային ծառայության գրասենյակ ստացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին, 2020 թ. հունվարի 8-ին և 10-ին, այնուհետև հունվարի 14-ին հանցավոր խմբի անդամները ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո ստացել են նշված ծանրոցներից մեկը, փոխադրել այն իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող ավտոտնակ, որից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավոր խմբի 3 անդամը բերման են ենթարկվել և ձերբակալվել»,- ասվում է ԱԱԾ հաղոդրագրությունում:

Փաստական տվյալներ կան նրանց կողմից նախկինում էլ թմրամիջոցներ ՀՀ ապօրինի ներկրելու, համացանցով գնորդների հետ պայմանավորվելու, գումարը ստանալուց հետո նախապես տեղանշած թաքստոցներում դրանք թողնելու և իրացնելու վերաբերյալ: