Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով խստացվում է ինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը:

Նշենք, որ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը:

«Ցավոք սրտի, շարունակում ենք ամեն տարի բանակում ունենալ ցավալի վիճակագրություն ոչ կանոնադրական հարաբերությունների, վատ ենթամշակույթի պատճառով։ Զինվորական ծառայության ժամանակ մենք ունենքում ենք շատ ավելի զոհեր, քանի թշնամու գնդակից։ Նախագծի նպատակը զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը մեծացնելն է, որ գոծող հոդվածով մինչև երեք տարվա ազատազրկում է սահմանում»,- իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նախագիծն ընդունվեց 120 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Համաձայն առաջարկվող օրենքի նախագծի՝ զինծառայողին պարբերաբար ստորացնելու և արժանապատվությունը վիրավորելու արդյունքում ինքնասպանության կամ դրա փորձի հասցնելու դեպքում սահմանել ազատազրկում 4-8 տարի ժամկետով։ Բացի այդ, եթե այս արարքները կատարվել են մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-10 տարի: Իսկ եթե տվյալ հանցանքներն իրականացվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կմեծանա՝ 7- 12 տարի: