Երևանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցի երթևեկելի հատվածից անհնար է չնկատել ճանապարհաեզրում գործող քարի բաց հանքավայրը։ Այդտեղ աղմուկով ու փոշի տարածելով աշխատում է ծանր տեխնիկան` էքսկավատորը և միաշերեփ անվային բարձիչը: Ճանապարհաեզրին կանգնած են փոխադրող բեռնատարները։ Որևէ գրություն կամ տեղեկատվական պաստառ, որ տարածքը գործող հանքավայր է, չկա։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Վարորդները և աշխատողները խուսափում են զրույցից։ Հարցերին, թե ո՞ր հանքավայրն է կամ որ ընկերության տարածքում են աշխատում, պատասխանում են՝ չգիտենք։ Ըստ ամենայնի, ընկերության ղեկավարության հետ հեռախոսազանգից հետո, 5 րոպե անց մոտենում է տնօրենը, ով նաև ընկերության հիմնադիր-սեփականատերն է՝ Վալոդյա Գրիգորյանը։ Ընկերությունն այդպես էլ կոչվում է՝ «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ։

2016թ-ին հիմնադրված ընկերությունը Երևանում երկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից 2017թ-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք միանգամից 2 տարածքի համար՝ Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրի և Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասի համար։

Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրը գտնվում է Աջափնյակ համայնքի հյուսիս-արևմտյան հատվածում գոյություն ունեցող արդյունաբերական հանգույցների հարևանությամբ: Հանքավայրը մոտակա բնակավայրին կամ կառուցապատված տարածքներին շատ մոտ է, մոտ 300 մ է հեռու:

Վալոդյա Գրիգորյանը պատրաստակամորեն ցույց է տալիս արդյունահանվող տարածքը և պատասխանում հարցերին։ Պատմում է, որ տարածքից բազալտ են արդյունահանում, որը որակով համապատասխանում է շուկայում եղած պահանջարկին։ Բացի դրանից, բազալտի վերամշակման արտադրամաս ունեն, նաև բազալտ են արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Վալոդյա Գրիգորյանը արտահանման ծավալները 2020թ-ին պատրաստվում է կրկնապատկել։ Նաև նախատեսում են մասնակցել Հայաստանում պետական շինարարական ծրագրերին։

«Քանի որ մեր Մերձավանի քարի արտադրամասը երկար տարիների պատմություն ունի, հենց բազալտ ենք կտրում, որոշեցինք ուրիշներից առնելու փոխարեն՝ մերը ունենալ։ «Արդիբաշ» ՍՊԸ-ից էինք օգտվում, որը հարակից տարածքում էր արդյունահանում իրականացնում»,- ասում է Վալոդյա Գրիգորյանը։

«Արդիբաշ» ՍՊԸ-ն 2017թ-ին հրաժարվել է այդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունքից։ Նույն տարվա ապրիլին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ստորագրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի հրամանը։ Իսկ մինչ այդ՝ 2017թ․ փետրվարի 7-ին, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն ստացել է նույն տեղամասի համար ընդերքօգտագործման իրավունք։ Տնօրենի հավաստմամբ, 2017թ․ երրորդ եռամսյակից սկսել են բազալտ արդյունահանել այդտեղից։

«Լավ բազալտը հիմնականում Երևան համայնքում է։ Սա թե չափերով, թե ծավալներով փոքր հանքավայր է համարվում, ճիշտ է՝ շահագործման իրավունքը 18 տարի ժամկետով է, որը 18 տարվա մեջ, կարծում եմ, կսպառվի»,- ասում է Վալոդյա Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ 1,6 հա տարածք են վերցրել Երևան համայնքից այս հանքավայրի շահագործման համար։ Լրացուցիչ ուսումնասիրություն, նախքան շահագործումը, չեն իրականացրել, վերցրել և հիմք են ընդունել խորհրդային տարիների ուսումնասիրությունները։ Հորատման և հավելյալ ծախսերից խուսափելու համար Վալոդյա Գրիգորյանը որոշել է հիմնվել նախկին տվյալների վրա։

«Այստեղ պաշարների հետ կապված խնդիրներ կան, ոնց որ նստած է մեր վրա պաշարները, չի համապատասխանում տոկոսային առումով երկրաբանական ֆոնդի տվյալներին։ Պետք է հանձնաժողով ստեղծվի, փորձաքննություն անցնի նորից»,- ասում է հանքավայրը շահագործողը։

Երևանի քաղաքապետարանին «Հետք»-ի խմբագրությունը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե որքա՞ն տարածք է տրամադրվել ընկերությանը և որքան վարձավճար է սահմանվել տարածքում ընդերքօգտագործում իրականացնելու համար։ Պարզվեց, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն առհասարակ որևէ պայմանագիր չունի Երևանի համայնքապետարանի հետ։

Երևանի քաղաքապետարանն առաջին պատասխանում տեղեկություններ է հայտնել ընկերության Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասի մասին։ Սակայն Աջափնյակի տեղամասի համար տեղեկատվություն չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ տվյալ ընկերության հետ Աջափնյակի այդ հատվածում ընդերքօգտագործման համար պայմանագիր կնքված չկա։ Ավելի ուշ, կրկնակի հարցադրումից հետո, քաղաքապետարանը հայտնեց, որ «հողամասի սահմանների ճշտման աշխատանքների ավարտից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ հնարավոր կլինի կնքել վարձակալության պայմանագիր»:

Էկոլոգիական իրավունքի մասնագետ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ եթե փաստացի ընդերքօգտագործում է իրականացվում, որի դեպքում չկա համայնքի հետ կնքված հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, ապա օրենքով ընդերքօգտագործում չէր կարող իրականացվել։

Մասնավորապես, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-դ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի հետ համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու որոշմամբ կնքում է հողօգտագործման պայմանագիր։ Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:

«Հողօգտագործման պայմանագիրը պարտադիր պայման է ընդերքօգտագործում իրականացնելու համար»,- նշեց Արթուր Գրիգորյանը։

Ընկերության նախագծից տեղեկանում ենք, որ բացահանքի տարածքը նախատեսված է եղել 0.84 հա: Արտաքին լցակույտի զբաղեցրած տարածքը պետք է կազմեր 0.7 հա: Այսինքն` տրամադրվելիք տարածքը՝ հանքավայրի օբյեկտների շինարարության և բաց հանքի շահագործման համար ընդհանուր պետք է կազմեր 1.5 հա։

Բացահանքի եզրագծում ներփակված հաշվեկշռային (մարվող) պաշարների ծավալը պետք է կազմեր 49 500 խմ դոլերիտային բազալտի զանգված, իսկ հեռացվող մակաբացման ապարների ծավալը` 22500 խմ: Դոլերիտային բազալտի արդյունաբերական պաշարների ծավալը` բնամասերում թողված 4500 խմ կորուստների դեպքում պետք է կազմեր 45000 խմ դոլերիտային բազալտի զանգված, բացահանքի տարեկան արտադրողականությունը` 2750 խմ մարվող և 2500 խմ արդյունահանվող դոլերիտային բազալտի զանգված:

Նախագծում նաև խոստացել էին, որ բաց հանքի աշխատանքների կազմակերպման համար կառուցվելու է արտադրական հրապարակ` իր անհրաժեշտ կառույցներով:

Փաստորեն, երկու տարի Աջափնյակի հանքավայրից ընդերքօգտագործում է իրականացվել՝ առանց Երևան համայնքի հետ հողի վարձակալության պայմանագրի։