Ոստիկանությանը թույլատրվել է գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները
Ազգային ժողովն ընդունել է օրինագիծը, որով ոստիկանությանը հնարավորություն է տրվում գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Դրան կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 20, 1-ը ձեռնպահ է մնացել:
Ինչպես քննարկման ժամանակ նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ենթադրվում է, որ ոստիկանությանը սեփական տեխնիկական հնարավորություններով գաղտնալսման հնարավորություն տալը ժամանակ կխնայի, հանցագործություններն օպերատիվ կերպով կբացահայտվեն: Հարցի քննարկմանը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ Կառավարությունը շարունակում է դեմ արտահայտվել նախագծին՝ առաջարկելով ստեղծել առանձին անկախ կազմակերպություն և գաղտնալսման իրավունքը փոխանցել դրան: