Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ստացել է Արմեն Գևորգյանի ու Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի, Ռուբեն Սահակյանի նույնաբովանդակ դիմումները։
«Պաշտպանները գտնում են, որ հունվարի 9-ի դատական նիստում պաշտպանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանական կողմի կարծիքով դտարանը պատշաճ չի արձագանքել միջադեպին, այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Այս պատճառաբանությամբ փաստաբանները հայտնել են, որ չեն ներկայանա դատական նիստին»,-ասաց դատավորը։
Արմեն Գևորգյանը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել են, որ այսօր այլ պաշտպան ներգրավվելու հնարավորություն չունեն։ Դատավորն ասել է, որ այդ հանգամանքներում դատական նիստը շարունակվել չի կարող, այն կհետաձգվի։