Ազգային ժողովի պատգամավորները նամակով կդիմեն Գերմանիայի բունդեսթագ՝ գերմանացի խորհրդարանականների ուշադրությունը հրավիրելով Դրեզդենի օպերային համերգին ընդառաջ այլատյացության դրսևորումներին, քանի որ Semper Opernball-ը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով:

Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը՝ նշելով, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն պատրաստել է նամակը: Նա հորդորել է պատգամավորներին հնարավորինս շուտ ստորագրել այն:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Աղբյուրը նշել է, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք համերգին՝ Semper Opernball-ին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ:

Ավելի վաղ աշխարհահռչակ գերմանացի բաս Ռենե Պապեն, մեկնաբանելով ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, ով հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհու հետ, հորդորել էր տենորին ատելություն չբերել իր քաղաք: Էյվազովին դիմել էր նաև գերմանացի մեկ այլ երգիչ՝ Թոմաս Քվասթոֆը, նշել է Պապյանը՝ ներկայացնելով վերջինիս հորդորն Էյվազովին թարգամանաբար.

«Պարոն Էյվազով, ամո՛թ Ձեզ: Ռասիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել էր նա: