«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին։ Նամակի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ԱԺ հարգելի պատգամավորներ,

այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։

Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել և Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաև լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։

ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետևել և հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին»։