Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի (իսկական անունը՝ Կարապետ) ծննդյան օրն է:

Սիրված դերասանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

«Հայկական բեմի Չարլի Չապլին». Այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանին: