Կյանքից հեռացել է ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
Այսօր, 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:
Ռոբերտ Ավագյանը 1971թ-ից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007թ-ից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999թթ-ին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999թ-ից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամն էր, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007թթ-ին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ:
Ակադեմիկոս Ավագյանի գիտական հետազոտությունները վերաբերում են փորձարարական ֆիզիկային, տարրական մասնիկների ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի ֆիզիկային, սպինային ֆիզիկային, ճառագայթումների ֆիզիկային, բևեռացված ֆոտոնային փնջերին:
Ռոբերտ Ավագյանը ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970թ-ին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ռոբերտ Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ։ Ատանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979թ-ին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր:
2003թ-ին Ռոբերտ Ավագյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին, հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 26-ին։