Երևանում բացվել է Հայաստանից և Թուրքիայից երիտասարդ լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսը
Այսօր՝ հունվարի 24-ին, ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Կամրջելով պատմություններ II» (Bridging Stories II) խորագրով ծրագրի ցուցահանդեսը, որի մասնակիցները Հայաստանից և Թուրքիայից 20 երիտասարդ լուսանկարիչներն են: Ծրագրի դասավանդողներն են National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, VII ֆոտոգործակալության լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանն ու լուսանկարիչ Սաբիհա Չիմենը։
Ծրագրի նպատակն է միավորել մոտ, բայց միևնույն ժամանակ միմյանցից բաժանված երկու համայնքներին՝ օգտագործելով լուսանկարչական հաղորդակցման զորությունը և պատմելով պատմություններ անմիջապես երիտասարդների բնակավայրերից։
«Կամրջելով պատմությունները II» ծրագիրը սկսվել է 2019թ-ի օգոստոսին Դիլիջանում իրականացրած ֆոտոլրագրության աշխատարան-ճամբարով, ուր մասնակիցները քննարկել և կիրառել են լուսանկարչության, պատմագրության և սոցիալական մեդիաներով ինքնահրատարակչության հիմնական սկզբունքները։ Ճամբարից հետո մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքներում և գյուղերում։ Ցուցահանդեսում ընդգրկվել են լավագույն լուսանկարները։
Լուսանկարներում արտացոլված են երկու երկրների երիտասարդ մասնակիցների հետաքրքրությունների և ապրումների ընդհանրությունները։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, առաջին ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2017թ-ի հունվարին, հրապարակվել էր նաև ֆոտոպատումների գիրքը։
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 4-ը։