Հովհաննես Շահամբերյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) «Կյանքի իրավունք Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Ամարասի Արթուրի հերոսության մասին գրվել են գրքեր, նկարահանվել են մի քանի ֆիլմեր: Ալեքսանյանն իր գրքում ներկայացրել է Արցախի հերոսական ժողովրդի՝ հանուն ինքնորոշման և մայր Հայաստանին վերամիավորվելու սկսված Ղարաբաղյան շարժման գաղտնիքները: Գիրքը խմբագրել է կինը՝ Հասմիկ Անտոնյանը: Այն բաղկացած է մի քանի գլխից:

Ինչպես հեղինակն է ասում՝ «Գիրքը պետք է թարգմանել ու ներկայացնել համայն մարդկությանը, որպեսզի բոլորը իմանան, թե իրականում ինչպե՞ս են ծագել Արցախյան հիմնախնդիրը, ինչպիսի՞ վայրագ պետություն է Թուրքիան ու դարձնել այն շարունակելի՝ պատմելով պատերազմի մնացած պատմությունները»:

Ներկա են եղել մտավորականներ, զինվորականներ: Միջոցառման ընթացքում գրքից հատվածներ է ընթերցել դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանը, ցուցադրվել է ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող, Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների լրագրողների միության անդամ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևայի Հայորդիներ հաղորդումը՝ նվիրված սիրված հրամանատարին ու նրա անցած մարտական ուղուն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ծնվել է 1957թ-ին Ստեփանակերտում: Ալեքսանյանը սովորել է Ռուսաստանի Իվանովոյի մարզի Կինեշմայի տնտեսագիտական տեխնիկումում (1982): 1977-1979թթ-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տանկային ստորաբաժանումում: 1979-1988թթ-ին` ԼՂԻՄ-ի տարբեր էստրադային նվագախմբերի երաժիշտ: Ղարաբաղյան ժողովրդա-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների շարքերում։

Ալեքսանյանը արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական պարգևների, որոնք են՝ 1996թ՝ ՀՀ Նախագահի Հրամանագրով 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» Շքանշան,1996թ՝ ՀՀ Պաշտպանության Նախարարի Անվանական զենքով, 2000թ՝ ԼՂՀ Նախագահի Հրամանագրով 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» Շքանշան, 2000թ՝ ԼՂՀ ՊՆ Պատվոգիր Շուշիի գրավման համար, 2004թ՝ ՀՀ Ազգային Անվտանգության Նախարարի Անվանական զենքով:

Պատերազմի ժամանակ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ղեկավարել է թիկունքի աշխատանքները և եղել տարբեր ստորաբաժանումների հրամանատար Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում: Ռազմաճակատի այդ հատվածը պաշտպանում էր Արցախի գլխավոր հոգևոր կենտրոնը՝ Գանձասար վանքը: Հենց այս հատվածում է Արթուր Ալեքսանյանը ղեկավարել է Հայաստանից ժամանած և իր հրամանատարությամբ գործող «Արծիվներ» կամավորականների ջոկատները՝ «Մահապարտներ» անվանումով։ Ալեքսանյանը մի քանի անգամ ծանր վիրավորվել է:

Պատերազմից հետո նրան հանձնարարվել է կազմավորել Հայաստանում «Կարմիր բերետներ» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման գլխավոր վարչությունը: