Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․

«Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին:

Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։ Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ։

Անշուշտ, պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պետք է ուղղված լինեն այդ կապիտալը հոգեպես, ֆիզիկապես, տնտեսապես համալրելուն և որակապես այն նոր մակարդակի բարձրացնելուն», - նշված է նախագահի ուղերձում: