Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Այսօր լրանում է մեր հերոսի 30-ամյակը, որն իր սխրանքով հայ ժողովրդին պարգևել է արժանապատվություն ու խաղաղություն, ազատություն և անկախություն»,- իր խոսքում ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Բալենին Ուրֆանյանի սիրելի ծառն է, որը ապրիլի առաջին օրերին՝ նրա հիշատակի օրը, բալենին կտնկեն վերականգնողական կենտրոնի բակում։

Արմեն Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը նշել է, որ սիրով է ընդունել ռեկտորի առաջարկն՝ այս կենտրոնն անվանակոչել որդու անունով։

«Վերջին անգամ Վալենտինի տոնի կապակցությամբ Արմենակը որոշել էր վարդեր նվիրել նշանածին: Ես իրեն ասացի, որ վարդերը շուտ թոշնում են, ինչո՞ւ չի ցանկանում տնային բույսեր նվիրել: Նա համաձայնեց և տնային բույսեր նվիրեց Գոհարիկին: Եվ այդ ծաղիկներն այդպես էլ մինչև հիմա կան: Ու ես սկսեցի բույսեր մշակել՝ տղայիս շունչը զգալու»,- ասել է մայրը։

Հերոսի մայրը նաև հիշում է, որ «Եռաբլուր» պանթեոնում Արմենակի հուղարկավորությունից հետո նկատել է, որ նրա գերեզմանի վերևում բալենի է, ուստի համարում է, որ դա որդու ծառն էր:

Միջոցառման ժամանակ Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ վերականգնողական կենտրոնում բացվող հաջորդ լսարանը կանվանակոչեն Արմեն Ուրֆանյանի զինվորների՝ Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի անուններով։