Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ-ում և ԱՄՆ-ում ընկերություններ է հիմնել, խախտելով Սահմանադրությունը՝ զբաղվել ձեռնարկատիրությամբ
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 2000 թվականների կեսերին ԱՄՆ-ում հիմնել է մի քանի ընկերություններ, որոնք ներգրավված են անշարժ գույքի և շինարարության ոլորտում: Ամեն ինչ սկսվել է 2005թ-ի մայիսին Նևադա նահանգում «Hana» կորպորացիան գրանցելուց: Կարելի է ենթադրել, որ այս անվանումը ծագել է նրա որդիների՝ Հայկի և Նարեկի անունների միավորումից: Բայց մինչև ամերիկյան ձեռնարկություններին անդրադառնալը «Հետք»-ը նշում է, որ Սարգսյանն այս անունով ընկերություններ է ստեղծել նաև Հայաստանում:
Հայաստանյան նույնանուն ընկերությունները․
2005թ-ի հոկտեմբերին Ալեքսանդր Սարգսյանը Կոտայքի Բալահովիտ գյուղում, որտեղ ժամանակին հաշվառված էր, հիմնել է «Հանա Մ․Ե․Կ․» ՍՊԸ-ն, որն զբաղվում էր գովազդային վահանակների բիզնեսով: Ընկերության գործունեությունը, համաձայն ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, ժամանակավոր դադարեցված է:
2011թ-ի սեպտեմբերին Սարգսյանի կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը, Բալահովիտում հիմնել է «Հանա-Տրանս» ՍՊԸ-ն: Գործունեության ոլորտը ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով միջմարզային բեռնափոխադրումներն էին: 2012թ-ի փետրվարին Տիգրան Սարգսյանի կառավարությունն այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ա. Սարգսյանի ընկերությանը արտոնություն էր տվել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Շվեդիայից Հայաստան ներկրվող 40 հատ «Scania» ինքնաթափ մեքենաների (ընդհանուր արժեքը՝ 1,9 մլրդ դրամ) ներմուծման համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը հետաձգել 3 տարով։ Ներդրումային ծրագիրը, ըստ կառավարության, հետևյալն էր.
«Հանա-Տրանսը» նախատեսում էր ներկրվող մեքենաներով Արցախի Մաղավուզի շրջանից ածուխ փոխադրել Վարդենիսի երկաթուղային հանգույց՝ հետագայում այն «Հանա-Գրուպ» ընկերության միջոցով երկաթուղով Երևան տեղափոխելու համար: Այնուհետ հումքը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից կիրառվելու էր որպես ջուր-ածխային վառելիք, ինչի միջոցով պիտի ստացվեր էլեկտրաէներգիա: 2012թ-ի հոկտեմբերին էլ կառավարությունը որոշեց Վարդենիսում գտնվող երկաթգծի հյուրանոցի նախկին շենքն օտարել «Հանա-Տրանսին»: Այս առումով պատահական չէր ՍՊԸ-ի հասցեի տեղափոխությունը Վարդենիս: Այդ ընթացքում Ն. Սարգսյանին իբրև միակ սեփականատեր փոխարինել էր հայրը: Ներկայում ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի՝ 2017-2018թթ. ՍՊԸ-ն ունեցել է 21-24 աշխատող, այնինչ ներդրումային ծրագրով նախատեսվում էր ունենալ 180 հազ. դրամ միջին աշխատավարձով մոտ 50 աշխատատեղ:
2011թ-ի դեկտեմբերին գրանցվել է «Հանասերվիս» ՍՊԸ-ն, որի միակ փայատերը կրկին Նարեկ Սարգսյանն էր, սակայն հետագայում նա բաժնեմասը փոխանցել է հորը: Հասցեն Վարդենիսում է՝ «Հանա-Տրանսի» գրանցման վայրում, ՍՊԸ-ն զբաղվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ, այսինքն՝ «Հանասերվիսը» տեխսպասարկում էր իրականացնում «Հանա-Տրանսի» բեռնատարների համար: Գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով՝ 2017-2018 թթ. «Հանասերվիսն» ունեցել է 4-8 աշխատող:
2012թ-ի հուլիսին էլ Մհեր Բագրատյանի և Անդրանիկ Մկրտչյանի կողմից հիմնադրվել է «Հանա-Վարդ» ՍՊԸ-ն, որը շուտով անցել է Նարեկ Սարգսյանին, իսկ հետո՝ Ալեքսանդր Սարգսյանին: Սա էլ «Հանասերվիսի» նման զբաղվում էր մեքենաների տեխսպասարկմամբ ու նորոգմամբ: Վարդենիսում գրանցված ընկերությունը հետագայում լուծարվել է:
Անշարժ գույքի ոլորտի ամերիկյան ընկերությունները․
Վերադառնանք ԱՄՆ, որի Նևադա նահանգում Ա. Սարգսյանը 2005թ-ի մայիսի 5-ին հիմնել է «Hana» կորպորացիան: Ըստ փաստաթղթերի՝ դրա գրասենյակը գտնվում էր Լաս Վեգաս քաղաքում (2764 Lake Sahara Drive, Las Vegas, NV- գրասենյակային շենք է): 75.000 դոլար կանոնադրական կապիտալով կորպորացիայի նախագահը, տնօրենը, քարտուղարն ու գանձապահը մեկ մարդ էր՝ Ալեքսանդր Սարգսյանը:
Վերջինս 2003թ-ին ընտրվել էր ԱԺ պատգամավոր (խորհրդարանի անդամ էր մինչև 2012 թ.), հետևաբար չէր կարող որևէ պաշտոն զբաղեցնել կորպորացիայում, քանի որ դա արգելվում էր 1995թ. ընդունված և այդ պահին գործող ՀՀ Սահմանադրությամբ.
«Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Իսկ ահա 2005թ-ի տարեվերջին ուժի մեջ մտած Սահմանադրությունը նշում էր.
«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Փաստորեն, Ալեքսանդր Սարգսյանը տարիներ շարունակ անտեսել է Սահմանադրության այս պահանջը:
Նշենք նաև, որ 2000 թվականներին, երբ Սարգսյանը պատգամավոր էր, մամուլը պարբերաբար գրում էր, որ նա ԱՄՆ-ում շինարարական բիզնես ունի, ինչը պաշտոնյան չէր էլ հերքում: ՀՀ Սամանադրությամբ պատգամավորներին չի արգելվում մասնաբաժին ունենալ որևէ առևտրային կազմակերպությունում, սակայն չի թույլատրվում զբաղվել դրանց կառավարմամբ, ինչը, դատելով փաստաթղթերից, ԱՄՆ-ում արել է Ա. Սարգսյանը:
Նևադայի օրենսդրության համաձայն՝ ձեռնարկություններն ամեն տարի պետք է ներկայացնեն հաշվետվություն (report)՝ միաժամանակ մուծելով գրանցման պետտուրք և բիզնեսով զբաղվելու լիցենզիայի վճար: Այս ամենի համար գոյություն ունի վերջնաժամկետ: Եթե տվյալ ձեռնարկությունը բաց է թողնում իր պարտականությունների կատարման վերջնաժամկետը, դրա գրանցումն, այսպես ասած, սառեցվում է (default): Եթե հետագա 1 տարում ոչինչ չի փոխվում, գրանցումը չեղյալ է ճանաչվում (revoked). այս կարգավիճակը մինչև 5 տարի ժամանակավոր բնույթ է կրում, իսկ դրանից հետո, եթե որևէ քայլ չի ձեռնարկվում տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից, դառնում է մշտական (permanently revoked): Այդուհանդերձ, այս բոլոր դեպքերում էլ հնարավոր է վերականգնել կամ «վերակենդանացնել» ձեռնարկությունը՝ բնականաբար, վճարելով համապատասխան տուրքերն ու տույժ-տուգանքները (գոյություն ունի նաև լուծարման տարբերակը (dissolved), երբ իրավաբանական անձը պարզապես դադարում է գոյություն ունենալ): Ա. Սարգսյանի «Hana» կորպորացիան 2009թ-ից սկսած հաշվետվություններ չի ներկայացրել և մուծումներ չի կատարել: Դրա գրանցումը մշտապես չեղյալ է ճանաչված:
Գործելու տարիներին «Hana»-ն մասնաճյուղեր է բացել Կալիֆոռնիա նահանգում:
2005թ-ի հունիսի 29-ին Գլենդելում (307 N. Kenwood Street, Glendale, CA - բնակելի շենք է) գրանցվել է «Hana» կորպորացիայի առաջին մասնաճյուղը: Այս նույն հասցեն նշվել էր նաև իբրև կորպորացիայի նախագահ Ա. Սարգսյանի կալիֆոռնիական հասցե:
Ինչպես արդեն գրել էր նախկինում «Հետք»-ը՝, 2005թ-ի սեպտեմբերի 9-ին Ա. Սարգսյանը Լոս Անջելեսի Տարզանա թաղամասում (4935 Avenida Oriente, Tarzana, CA) առանձնատուն էր ձեռք բերել 2,8 մլն դոլարով: Պատահական չէ, որ դրանից հետո կալիֆոռնիական «Hana»-ն Գլենդելից տեղափոխվել է Տարզանա: 2014թ. փաստաթղթերից մեկում իբրև մասնաճյուղի գործունեության տեսակ նշվում է անշարժ գույքի վարձակալությունը, գործադիր տնօրենը, քարտուղարն ու ֆինանսական տնօրենը եղել է Ա. Սարգսյանը, իսկ գործակալը (զբաղվում է ձեռնարկության՝ պետական կառույցների հետ թղթաբանությամբ)՝ Ռուզաննա Մանանա Ալոյանը: 2014թ-ի օգոստոսին «Hana»-ի մասնաճյուղը փոխել է անունը՝ դառնալով «Hanalek» (Հայկ + Նարեկ + Ալեքսանդր): 2019թ. օգոստոսին ներկայացված հերթական փաստաթղթում (statement of information) Ալեքսանդր Սարգսյանը «Hanalek»-ի գործադիր ու ֆինանսական տնօրենն է, քարտուղարը Վահան Հարությունյանն է, գործակալը՝ Ռուզաննա Ալոյանը: Բոլորի կոնտակտային հասցեն էլ Ա. Սարգսյանի առանձնատունն է Տարզանայում։
Նկատենք, սակայն, որ 2019թ-ի այս հաշվետվությունը ներկայացնելուց առաջ՝ հունիսի 19-ին, Ա. Սարգսյանը վաճառել էր իր տունը: «Hanalek» կորպորացիան այժմ էլ գործում է:
Նևադայում հիմնադրված «Hana» կորպորացիայի երկրորդ մասնաճյուղը՝ «Alek Construction»-ը, Կալիֆոռնիայում գրանցվել է 2008թ-ի մարտի 28-ին: Չնայած Ա. Սարգսյանն այդ ժամանակ տուն ուներ Տարզանայում, նոր ձեռնարկությունը սկզբում գրանցվել է հարևան Էնսինո թաղամասում (16830 Ventura Boulevard, Encino, CA - գրասենյակային շենք է): 2009թ-ին ներկայացված հաշվետվության մեջ, սակայն, փոփոխություն է արված. կորպորացիան տեղափոխվել է Տարզանա՝ Սարգսյանի առանձնատուն, գործադիր տնօրենը, քարտուղարն ու ֆինանսական տնօրենը նախկին պատգամավորն է, ով, ինչպես ասվեց, ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չուներ: Փաստաթղթում «Alek Construction»-ի գործունեության տեսակ է նշվում անշարժ գույքի ոլորտում ներդրումները:
2015թ-ի նոյեմբերի 2-ին «Hana» կորպորացիայի կալիֆոռնիական այս մասնաճյուղն ինքնակամ դադարեցրել է գործունեությունը (surrender):
2007թ-ի սեպտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը Կալիֆոռնիայում հիմնադրել է նոր ընկերություն՝ «Naha» ՍՊԸ-ն, որի անվանումը, թերևս, կրկին նրա որդիների անուններից է ձևավորվել (Նարեկ + Հայկ): ՍՊԸ-ն գրանցվել է Սարգսյանի՝ Տարզանայում գտնվող տանը, գործունեության տեսակը՝ ներդրումներ անշարժ գույքի ոլորտում:
Այդուհանդերձ, ընկերությունը երկար կյանք չի ունեցել. 2008թ-ի օգոստոսի 14-ին Ա. Սարգսյանը դադարեցրել է դրա գործունեությունը (canceled):
2009թ-ի ապրիլի 6-ին էլ «Naha Import Export» անունով կորպորացիա է հիմնել Նարեկ Սարգսյանը: Վերջինիս հոր՝ Տարզանայի տանը գրանցված ձեռնարկության գործունեության ոլորտը ներկրումն ու արտահանումն է, սակայն փաստաթղթերում շուկայի հստակեցում արված չէ: Ն. Սարգսյանը «Naha Import Export»-ի գործադիր տնօրենն էր, քարտուղարը Կարինե Լիդա Առաքելյանն էր, իսկ ֆինանսական տնօրենը՝ Աննա Գարկավենկոն (վերջիններս Լոս Անջելեսի Վան Նայս (Van Nuys) թաղամասի բնակիչներ էին):
Ն. Սարգսյանի դիմումի հիման վրա 2011թ-ի մարտի 23-ին ՍՊԸ-ն լուծարվել է: