Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հարևանությամբ գործող հայագիտության կենտրոնը՝ Հայագիտության ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը, վերջերս նոր վերազինված շենք է տեղափոխվել: Ընկերակցության գործադիր տնօրեն Սարա Իգնեյշսի խոսքով, նոր ժամանակակից գրասենյակը նոր հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտություններ անցկացնելու համար. Խոշոր գրադարան, տեխնիկական սարքավորումներով հագեցած աշխատասենյակներ, գիտաժողովներ անցկացնելու համար նախատեսված դահլիճներ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

1950 թվականներին Բոստոնում հիմնադրված Հայագիտության ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության սկզբնական նպատակն էր նպաստել հայագիտության ամբիոնների ստեղծմանը Միացյալ Նահանգների առաջատար գիտական կենտրոններում: Այսպես, կազմակերպության օգնությամբ ավելի քան կես դար առաջ հայագիտության ամբիոններ ստեղծվեցին Հարվարդում և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանում: Վերջին տարիներին հայագիտության տարածման հետ միասին փոխվում են նաև ընկերակցության առաջնահերթությունները։

«Մեր կազմակերպությունը միայն վերջին տարիներին անհամեմատ ավելի մեծ դիմումներ է ստանում հայագիտության ոլորտում գիտական հետազոտություններ կատարելու համար. այստեղ կան գիտնականներ ոչ միայն ԱՄՆ-ից կամ Հայաստանից, այլև Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, պատմաբաններ, ովքեր ուսումնասիրում են քաղաքակրթության վաղ ժամանակահատվածը, հնագետներ, սակայն նաև գիտնականներ, ովքեր հետազոտում են ժամանակակից հայագիտության խնդիրներ», - ասում է Սարա Իգնեյշսը։

Այսօր Սարա Իգնեյշսի խոսքով կարելի է քննարկել ընկերակցությունը միջազգային կառույցի վերածելու հեռանկարը:

Ընկերակցության գիտական հետազոտությունների տնօրեն Մարք Մամիգոնյանի խոսքով հայագիտությունը վերջին տարիներին դիտարկվում է ավելի լայն համատեքստում։

«Գիտնականներ, ովքեր զբաղված են օսմանյան, թուրքական, ռուսական խնդիրների ուսումնասիրություններով, ովքեր ուսումնասիրում են համայնքների կամ ցեղասպանությունների ընդհանուր խնդիրները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքների մեջ ներառել հայագիտությունը»,-ասում է Մարք Մամիգոնյանը։

Նվիրատվություններով կառուցված Հայագիտության ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության նոր գրասենյակում այժմ վերջին մանրուքներն են շտկում, սակայն այստեղ արդեն իսկ ժամանում են թե՛ գիտնականներ և թե՛ պարզապես հայագիտությամբ հետաքրքրված մարդիկ՝ իրենց համար նոր մանրամասներ բացահայտելու հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին: