«Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ կոթողը կերտել է Երվանդ Քոչարը 1955թ.-ին, ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանն է: Քանդակի ստեղծման ընթացքի մասին պատմել է ԽՍՀՄ և Վրաստանի վաստակավոր նկարիչ, հայտնի կավագործ Լևոն Օսիպովը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կարինե Քոչարն այս ամռանը հանդիպել է Լևոն Օսիպովին, ում նկարիչ դառնալու ճանապարհն անցել է Հայաստանով, իսկ այդ ճանապարհին է եղել Երվանդ Քոչարը: Այս մասին գրում է «Մեդիամաքսը»։

Գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվելու նպատակով Հայաստան ժամանած 17-ամյա Լևոն Օսիպովի նկարչական գործերն առանձնապես չէին փայլում: Երիտասարդին ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր Արա Սարգսյանը խորհուրդ է տալիս այլ ուսումնական հաստատություն դիմել։ Օսիպովը հիասթափված դուրս է գալիս ռեկտորի սենյակից և գնում Մատենադարան: Մի քանի ժամ Մատենադարանի գանձերը դիտելուց հետո, որոշում է քայլել երևանյան փողոցներով ու հասնում Բաղրամյան պողոտա: Մեծ ապակե դռներից այն կողմ տեսնում է, թե ինչպե՞ս է իր արվեստանոցում արծվի քանդակի վրա աշխատում մի քանդակագործ:

Դեռ կիսավարտ քանդակը միանգամից ձգում է Լևոն Օսիպովին:

«Հավանո՞ւմ ես»,- հարցնում է վարպետը: Նրանք զրույցի են բռնվում և Լևոն Օսիպովը պատմում է մի քանի ժամ առաջ ինստիտուտում տեղի ունեցածը:

«Կկարողանա՞ս այսպիսի արծիվ կերտել»,- հանկարծ հարցնում է վարպետը: Լևոն Օսիպովը վստահ ասում է՝ «այո»: Հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 10-ին, Լևոնը քանդակագործի արվեստանոցում էր: Նա ցույց է տալիս կավի մեծ կտորն ու պատվանդանը, որի վրա Լևոնը կավից արծիվ պետք է ստանար:

«Դե, փորձիր ուժերդ»,- ասում է վարպետն ու կրկին անցնում գործի:

Լևոնը սկսում է աշխատել: Ժամեր անց նա ուսուցչի դատին է հանձնում արծվի փոքրիկ քանդակը:

Ուշադրությամբ զննելով բոլոր կողմերից՝ քանդակագործը ձեռքը մեկնում է Լևոնին ու ասում.

«Այսօրվանից կարող ես ինձ «վարպետ» կոչել»: Նա խնդրում է գալ նաև հաջորդ օրը և օգնել աշխատել մեկ այլ քանդակի վրա:

Հաջորդ օրը վարպետը գալիս է ուղիղ կեսօրին: Հագնում է աշխատանքային հագուստն ու անցնում գործի: Վարպետը Լևոնին հորդորում է հաջորդ օրը գնալ ինստիտուտ ու մասնակցել քննությանը, ապա խորասուզվում է աշխատանքի մեջ: Երիտասարդը հետո է միայն իմանում, որ վարպետն այցելել էր համալսարանի ռեկտորին, որի հետ այդքան էլ ջերմ հարաբերություններ չուներ:

Այս ամենը չիմանալով՝ Լևոնը հաջորդ առավոտյան ներկայանում է քննության: Նրա առաջ դնում են գիպսե մի գլուխ ու հանձնարարում նույնը քանդակել կավից: Լևոնը կատարում է առաջադրանքն ու հանձնում դասախոսին: Համոզված էր՝ տապալել է քննությունը: Համոզմունքին ուղիղ համեմատական էր զարմանքը, երբ իմանում է, որ 4 է ստացել: Այսպես Լևոն Օսիպովը դառնում է ուսանող, ում առաջին ուսուցիչը Երվանդ Քոչարն էր: