Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։

«Կոչ ենք անում ԱՄՆ համապատասխան մարմիններին ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին», - ասվում է նախարարության թվիթերյան գրառման մեջ:

Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով, գրում է Էրմենիհաբեր-ը:

2019թ-ի դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի որոշմամբ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020թ-ի հունվարի 27-ի նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում էր կայացվել։ Այն դեռ պետք է հաստատի Կալիֆորնիայի նահանգապետը, բացի այդ՝ այն նաև բողոքարկման է ենթակա։