Հունվարի 29-ին արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանձնման արարողությանը ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հրշեջ մեքենաները տրվում են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:

Նախորդ տարի՝ նույն ծրագրի շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ԱԻՆ-ին էր հանձնել 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և մեկ կարգավար մեքենա: