Ներդրումային ծրագրով նախատեսվում է «էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանի նոր մասնաշենքի կառուցում: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքն իր ճարտարապետությամբ համահունչ պետք է լինի տարածքին, և միևնուն ժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Թանգարանի այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ։ Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.65 մլն դոլլարին համարժեք դրամ է։ Այս մասին գրում է construction.am-ը։

Հիշեցնենք, որ 2019թ-ին դեկտեմբերին Երևանի ավագանին հաստատել էր հոկտեմբերի 3-ին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագիրը՝ քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերում ներառված «էրեբունի» թանգարանի նոր մասնաշենքի կառուցման նախագիծը:

Այս առիթով թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը մանրամասներ է ներկայացրել․

«Նախագիծը նախատեսում է ներկայիս թանգարանի ետևի հատվածում միայն նոր մասնաշենքի կառուցումը։ Ըստ նախագծի՝ նոր մասնաշենքը երկու կամ երեք հարկանի կլինի։ Հարկայնությունը կախված է ֆինանսավորման չափից։ Բացի այդ, մեր կողմից առաջնային պայման է դրված, որ նոր կառույցը չպետք է խանգարի կամ ստվերի համալիրին։

Մենք հիմա աշխատում ենք 3D վերակազմությունների վրա։ Պարոն Բալյանն այս փուլում պատրաստ է ներդրում կատարել նոր մասնաշենքի կառուցման համար։ Բնականաբար, մենք ևս ներկայացրել ենք մեր պահանջները՝ նոր կառուցվող մասնաշենքը պետք է ներդաշնակ լինի լանդշաֆտի և թանգարանի շենքի հետ։

Թանգարանի շենքում ցուցադրություններ են լինելու։ Այցելուն թանգարանում տեսնելու է ցուցադրված իրերը, իսկ նոր կառուցվող մասնաշենքում նա կստանա լրացուցիչ գիտելիքներ անիմացիոն ցուցադրության միջոցով, ինչը կնպաստի ստացված գիտելիքների ամրապնդմանը», - նշել է թանգարանի տնօրենը։